Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

ՈՒժեղ մարդը կյանքի հարվածներից ավելի է հզորանում

ՈՒժեղ մարդը կյանքի հարվածներից ավելի է հզորանում
08.12.2025 | 10:21

(ոգով ուժեղ ազգը ուժեղ մարդու նման պետք է վերանայի իր բացթողումները և հետհարված տա իրեն հարվածողին)

ՈՒժեղ Մարդը կյանքի հարվածներից ավելի է հզորանում և կյանքի հաջորդ փուլում վերանայում է իր բացթողումները։ Նա սխալների ուղղում է կատարում, աշխատում է հզորացնել կամքն ու ոգին, հետևել իր հոգևոր ու մարմնական առոջությանը, ճանաչել իրեն շրջապատող մարդկանց, որոնց ինքը վստահել է իր ամենավեհ ու նվիրական գործը սկսելիս, բայց մնացել է մենակ՝ առանց հոգևոր ու գործնական աջակցության։

Այդ մարդը հեռանում է իր ցավի ու կորուստների մեջ իրեն մենակ թողած ընկերներից և մտածում է հաղթելու ուժ կուտակել։

Սա անհատ մարդու կյանքի պարագայում, իսկ ի՞նչ պետք է անի ազգը՝ ժողովուրդը, պիտի շարունակի կուրորեն, այօրեական հարցերո՞վ ապրել՝ խնդիր չդարձնելով այդ հարցերը․

չէ՞ որ խնդիրն է լուծում պահանջում։

Մեր հարցերն ավելի շատ են, քան խնդիրները, թեև հարցն էլ իր մեջ Խնդիրներ ունի։

Դեկտեմբերի 7-ը մեր ժողովրդին վրա հասած սարսափելի աղետնեից մեկն է, որին հաջորդեց աղետների ծանր ու արյունոտ մի շղթա. պատերազմ, սուգ, ցուրտ ու մութ, հացի պակասի տարիներ...

Բայց և հաղթանակ` ազատագրված հայրենիքի մի հատվածով։

Բայց և թալան ու դավադրություն` հայրենիք-պետության ու ժողովրդի հանդեպ։

Պատասխան են տալու բոլորը։

*

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվան չէր կարողացել այլևս թաքուն պահել ժողովրդից աղետի ահասարսուռ և կործանարար չափերը , և «ВРЕМЯ» լրատվության ժամանակ ցուցադրվեցին ավերիչ երկրաշարժի տեսարաններ: Ես մի պահ քարացա․ ես չէի հավատում տեսածիս. հետո հետևեց անզուսպ լացը։

Բայց լացով ոչինչ չես փոխի. որոշեցի, որ առավոտյան կմեկնեմ աղետի վայր` միևնույն է, թե ուր:

Դեկտեմբերի 8-ին առավոտյան պայուսակիս մեջ դրեցի առաջին օգնության անհրաժեշտ պարագաներ՝ յոդ, բամբակ, բինտ, մկրատ, սուրճ, շաքարավազ, թեյ, հաց, պանիր, երշիկ, անկողնային պարագաներ ու Սպիտակ` օգնության մեկնող ուսանողների հետ մեկնեցի աղետի գոտի:

Սպիտակ չհասած` մոտ երկու -երեք կիլոմետր քաղաքից հեռու ճանապարհներին և աշնանացանի արտերում խռնված էին բեռնատար, մարդատար մեքենաները, որոնք օգնության էին գնում սպիտակցիներին:

Այդ երկու կիլոմետրը մենք ոտքով գնացինք մինչև ֆուտբոլի դաշտ, որտեղ մի հսկայական վրան էին բացել, Վրաստանից եկած բժիշկները, որ առաջինն էին դրսից եկած օգնողներից, բուժօգնություն էին ցուցաբերում:

Մինչև մոտավորապես ժամը երեքը ես օգնել եմ վրացի բժիշկներին իմ բուժքույրական գիտելիքներով:

Ժամը երեքից հետո այլևս վիրավորներ չբերեցին։

Ես ուսանղ տղաներին խնդրեցի տանել ինձ ավերված տների մոտ, որ էնտեղ օգնեմ փրկարարներին. տղաներն ինձ խստագույնս արգելեցին` ասելով, որ սարսափելի ծանր իրավիճակ է այնտեղ, և ես չեմ դիմանա։

Շնորհակալ եմ այդ տղաներին, որ ինձ պարզապես արգելեցին գնալ ավերված տների մոտ:

Ողջ մնացածները հուսահատ ու շվարած պտտվում էին ֆուտբոլի դաշտում, որտեղ սարի պես դարսված էին Ռուսաստանից բերված կարմիր կտորով ծածկված դագաղները: Մարդիկ իրենց վշտի մեջ անգամ զուսպ էին և օրինապահ. սպասում էին, որ ղեկավարները բաժանեն դագաղները:

Հետո բերեցին հաց և զինվորական դաշտային խոհանոցի վառարանների վրա հսկա կաթսաներում սկսեցին եփել միս` ժողովրդին բաժանելու համար: Մարդիկ իրենց վշտի մեջ ասես մոռացել էին ուտելու մասին: Ես մատնաքաշը կիսում էի, բաց էի անում, մեջը մսի կտորներ էի դնում և բաժանում մարդկանց:

Երեկոյան ժամը 5-ին արդեն դադարեցվել էին բուժօգնության աշխատանքներն ու սնունդ և դագաղներ բաժանելը, այսինքն՛ էլ վիրավորներ չկային։

Վերջին ուղղաթիռով վերադարձա Երևան:

ՈՒղղաթիռում մոտ 10 տարեկան տղայի էին տեղափոխում Երևանի հիվանդանոց, տղայի վիճակը ծանր էր, գիտակցություն չուներ։ Տղային պատգարակով պառկեցրել էին հատակին, բժիշկը լսում էր նրա սրտի և թոքերի աշխատանքը, բայց ուղղաթիռի աղմունկն ու ցնցումները երիտասարդ բժշկին հնարավորություն չէին տալիս լսելու ու հասկանալու վիրավոր տղայի վիճակը։

Բժիշկը որոշեց ներերակային սրսկում կատարել, բայց երակի ամրակապը պատռվեց, իսկ տղայի մարմնի անընդհատ ցնցվելը խանգարում էր ասեղը մտցնել երակի մեջ։ Բարեբախտաբար ինձ մոտ մնացել էր բինտի փաթեթը, տվեցի բժշկին, և ես ու մի երիտասարդ տղա ամուր բռնեցինք տղայի ցնցվող մարմինը, բժիշկը բինտով կապեց երակի հատվածը և ասեղով մտավ նրա զարկերակը։

Ուղղաթիռում եղած մարդիկ լարված հետևում էին տղային։

Մի քանի րոպե հետո տղան թույլ շարժումներ արեց, հետո դանդաղ բացեց աչքերը, փորձեց բացել շուրթերը, բայց չկարողացավ, լեզվով մի կերպ թրջեց շուրթերը։

Բժիշը հենց իմ տված բինտը թրջեց և քսեց տղայի շուրթերին, տղան բացեցեց աչքերը և շշնջաց․

- Ջո՜ւր․․․

Բժիշկն ավելի շատ թրջեց բինտը և դրեց վիրավոր տղայի շուրթերին․ տղան ասես խմում էր այդ ջուրը։ Տասնամյա տղան եկավ գիտակցության․ դա նշանակում էր, որ նրան կենդանի կհասցնեն հիվանդանոց։

Ինքնաթիռը մի քանի րոպեից վայրէջք կատարեց փոքր օդանավակայում․ առաջինը իջեցրին վիրավոր տղային։ Շտապ օգնության մեքենան՝ բժշկական կազմով, ընդունեց վիրավոր տղային և ուղեկցող բժշկին և մեծ արագությամբ հեռացավ։

ՈՒղղաթիռում եղած ուղևորները օգնության գնացած մարդիկ էին։ Իջանք նաև մենք, և մեզ ուղեկցեց օդանավի մի աշխատակից՝

մոտ վաթսուն տարեկան մի տղամարդ, որը կարծել էր` ես ևս երկրաշարժից տուժածներից եմ, մոտեցավ և ասաց.

- Մայրի՛կ, տվե՛ք Ձեր պայուսակը, օգնեմ և ուղեկցեմ Ձեզ:

Իմ մտքով անգամ չանցավ, որ մոտ 50 տարեկան մի մարդ ի՛նձ է մայրիկ ասում: Բայց երբ եկա տուն ու ինձ տեսա հայելում, ես հասկացա, որ իմ այդ մեկ օրվա ապրումներն ինձ ծերացրել էին 40 տարով։

Ահա, այսպես մի ծանր ու ողբերգական շրջան էլ ապրեց մեր ժողովուրդը, որը թեև ամբողջովին չկոտրեց մեզ, բայց անյուամենայիվ վերք թողեց մեր հոգում և սրտում։

Եվ այսպես՝ դարեր․․․

Աստված հեռու տանի բնական և քաղաքական աղետներից բոլոր ժողովուրդներին։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

գրող, հրապարակախոս

1989թ․

Հ.Գ.

37 տարի է անցել այդ պատվիրված երկրաշարժից, բայց Հայաստանում դեռ կան աղետի ժամանակ իրենց տունը կորցրած ընտանիքներ, որ ապրում են մետաղյա տնակներում, իսկ աղետից հետո իշխանության եկած նախ՝ագահները և մյուս պաշտոնյաները հարստացան ու երկիրը մեր աղքատացրին։

Իսկ արտասահմանյան պետություններից օգնություն եկած միլիոնավոր դոլարների զգալի մասը մնաց ԽՍՀՄ Կենտրոնական բանկում, հետո փլվեց Սովետը, հետո սկսվեց պատերազմը ու՞․․․

Մեզ մնաց՝ վերացնել Աղետի գոտի հասկացությունը։

Միայն հասկացությո՞ւնը։

Դիտվել է՝ 145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ